ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության:

Օգտվելով առիթից՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ ՀՀ կողմից ցավակցություն է հայտնել տարեսկզբին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա։

Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում