2022-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ տարվա տնտեսական ցուցանիշներին:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ապրիլ ամսվա տվյալները վարչապետը դրական է գնահատում:
«Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ, իսկ 4 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս: Հիշեցնենք, որ խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել:
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ ունենք շինարարության ծավալների 15,6 տոկոս աճ, առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ՝ 9 տոկոս աճ, առևտրի շրջանառության 8,6 տոկոս աճ ունենք, իսկ 4 ամիսներին 7,8 տոկոսի աճ ունենք:
Այս առումով ուզում եմ կոնկրետացնել, որ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ` նախորդ տարվա համեմատ մենք ունենք 574 միլիարդ 697 միլիոն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն, այսինքն՝ նախորդ տարվանը՝ գումարած այսքան, ինչը կազմում է ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար»,- ասաց Փաշինյանը:
ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով, ՀՀ վարչապետի խոսքով, այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 միլիոնով ավելի գործարք է կատարվել:
«Ծառայությունների աճն ապրիլն ապրիլի նկատմամբ կազմել է 27,1 տոկոս, 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ՝ 23,5 տոկոս:
Էլեկտրաէներգիայի արտադրության աճը, որը շատ կարևոր ցուցանիշ է, նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է 5,8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ՝ 14,1 տոկոս:
Շատ կարևոր եմ համարում արձանագրել արտահանման աճը: Այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 19,8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 25,2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ