Իտալիայի հավաքականը չի մասնակցի ԱԱ-ին՝ Իրանի ընտրանու փոխարեն
Իրանի ֆուտբոլի հավաքականի հնարավոր հեռացման հարցը ԱԱ-2022-ից չի քննարկվել, ասիական հավաքականի դուրս մնալու դեպքում նրա տեղը հաստատ չի տրվի Իտալիայի հավաքականին, ասել է Էվելինա Քրիստիլինը՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի անդամը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին իտալական լրատվամիջոցները, Իտալիան կարող էր ստանալ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, եթե ՖԻՖԱ-ն որոշի հեռացնել Իրանին մրցաշարից։ Հինգշաբթի օրը Դոհայում կայացել է ՖԻՖԱ-ի կոնգրեսի նիստը, որի ընթացքում չի քննարկվել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգավիճակի հարցը, գրում է armsport.am-ը։
– Երեկ այստեղ՝ Քաթարում, ՖԻՖԱ-ի խորհուրդն էր, իսկ այսօր՝ համագումարը, որին մասնակցում էին բոլոր պատվիրակությունները, այդ թվում՝ Իրանի։ Ո՛չ երեկ, ո՛չ այսօր չի խոսվել նրանց՝ Աշխարհի առաջնության մասնակիցների շարքից դուրս թողնելու մասին։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ նրանց հեռացնեին, այդ տեղը կհատկացվեր Ասիայի հավաքականներից մեկին։ Մի խոսքով, եկեք մեր գլխից հանենք այն միտքը, որ Իտալիան կարող է գնալ Աշխարհի առաջնություն, մեր ազգային հավաքականին փրկելն անհնար է, դա ուղղակի ցնորք է,- Քրիստիլինի խոսքերն է մեջբերում ANSA-ն։
Իտալիայի հավաքականը ԱԱ ընտրական փուլի փլեյ-օֆֆում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (0-1) և կորցրեց Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունը։ Մրցաշարը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Կարծիքներ