Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ #ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին, հայտնում են ԱԺ-ի լրատվության ծառայությունից։
Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությունը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգեւոր եւ մշակութային արժեքների ընդհանրություններով եւ գրեթե նույն ճակատագրով։
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունները վերջին տարիներին երկկողմ ջանքերի շնորհիվ որակապես նոր՝ առավել գործուն մակարդակի վրա են բարձրացվել:
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցության նախաձեռնությունը:
Քննարկմանը կողմերն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային: ԱԺ նախագահը երախտագիտություն հայտնեց բարեկամ Կիպրոսին սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար՝ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահը կարեւորեց երկու երկրի միջեւ ամրապնդված տարիների սերտ կապերը: Նա երախտագիտություն հայտնեց Կիպրոսի խնդրին վերաբերող Հայաստանի ցուցաբերած աջակցության համար՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ վեճի լուծումը միայն օրինական ճանապարհով է լինելու:
Կարծիքներ