Փաշինյանը վտանգավոր է համարում ԼՂ հայերին տարհանելու մասին քննարկումները և վստահեցնում՝ նման հարց օրակարգում չկա

Փաշինյանը վտանգավոր է համարում ԼՂ հայերին տարհանելու մասին քննարկումները և վստահեցնում՝ նման հարց օրակարգում չկա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տարհանելու հարց օրակարգում չկա։ Վարչապետը վտանգավոր է համարում նույնիսկ նման հարցի քննարկումը, քանի որ, ըստ նրա,  խոսել Լեռնային Ղարաբաղից մարդկանց ելքի մասին, կնշանակի համաձայնվել ԼՂ հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը։

Փաշինյանն այս մասին ասել է POLITICO Europe  պարբերականին տված հարցազրույցում։

«Ես գիտեմ, որ այդ կարգի խոսակցություններ տարածվում են: Իհարկե, չգիտեմ կամ կռահում եմ, թե ում կողմից, բայց խոսել Լեռնային Ղարաբաղից ելքի մասին, դա նշանակում է համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են    իրենց տանը: Պատկերացրեցի՞ք, երբ մենք խոսում ենք էթնիկ զտման մասին, էթնիկ զտման գործիքը պարտադիր չէ, որ մարդկանց, բոլորին ֆիզիկապես ոչնչացնի: Ցանկացած ցեղասպանություն ունի երկու մաս. մի մասը  կոտորածն է, մյուս մասը՝ բռնագաղթը: Նախ ասեմ, որ ընդհանրապես նման թեմա օրակարգում չկա: Ավելին՝ միջազգային հանրության ներկայացուցիչները շատ հստակ ասում են, որ մարդիկ, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց տներում՝ Լեռնային Ղարաբաղում առանց վախի և հետապնդումների ապրելու հնարավորություն ունենան՝ արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով»,- ասել է ՀՀ վարչապետը:  

Հարցին, թե վատագույն սցենարի պարագայում մտածե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին և արդոք նման արտակարգ իրավիճակների պլան ՀՀ կառավարությունն ունի՞, վարչապետը պատասխանել է․

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ կոնֆլիկտը տեղի չունենա: Եվ կարծում եմ՝ միջազգային այն ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղում  խաղաղապահների առկայությունը պետք է բավարար մեխանիզմներ դառնան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Ընդհանրապես, այդ թեմայի քննարկումը ես անօգուտ և վտանգավոր եմ համարում, որովհետև  նման թեմաներ շրջանառության մեջ դնողները փորձում են բերել օրակարգեր դնել սեղանին, որը նշանակում է հետևյալը՝ եկեք միջազգայնորեն լեգիտիմացնենք Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների և ցեղասպանության օրակարգը, ով կհասցնի մազապուրծ լինել Լեռնային Ղարաբաղից՝ շատ լավ, ով էլ չէ՝ թող կոտորածի ենթարկվի: Այսինքն՝ մտքերի նման ընթացքը, իմ գնահատմամբ, անուղղակիորեն քաջալերում է Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու օրակարգ»:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում