Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը:
«Սա մեր առաջին այցն է Հայաստան: Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին նման բարդ ժամանակներում»,- ասել է Ժոֆրուա Դիդիեն:
«Կարևորում եմ ձեր այցը Հայաստան նման ճգնաժամային իրավիճակում և բարձր եմ գնահատում ձեր ցուցաբերած համերաշխությունը, այն արագ արձագանքը, որը ԵԽ-ն ցուցաբերում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: Համերաշխությունն ակնառու է նաեւ ԵԽ-ում կատարվող աշխատանքներում:
Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, շատ կարևոր են Հայաստանի համար: Դրանք ուղեցույց եւ օրինակ են ԵԽ մյուս երկրների համար՝ որպես գործողությունների ծրագիր»,- ասել է Սարգիս Խանդանյանը:
Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստանը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը և ակնկալում է ԵԽ գործուն աջակցությունը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներին և ուղիներին վերաբերող հարցեր:
Կարծիքներ