Տաջիկստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով

Տաջիկստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով

Տաջիկստանը ՀԱՊԿ դաշնակիցներին կոչ է արել օգնել Աֆղանստանի կողմից եկող մարտահրավերները հաղթահարելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպությունում Դուշանբեի մշտական ներկայացուցիչը:

«Տաջիկստանը` որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիր, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի զսպման և այդ երկրից եկող սպառնալիքին դիմագրավելու համար: Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներ գտնվում են դժվար հասանելի լեռնային տեղանքում, այդ խնդիրը միայնակ հաղթահարելը բարդ կլինի»,- մեկնաբանել է երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում:

Այս համատեքստում Տաջիկստանի կարծիքով՝ արդիական է Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունած «Տաջիկա-աֆղանական սահմանն ամրապնդելու հարցում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն տրամադրելու» մասին որոշման իրականացման ապահովումը:

Հիշեցնենք, որ երկու երկրի միջև սահմանին լարվածություն է առաջացել, երբ սահմանային վերահսկողություն իրականացնող աֆղան զինվորականները լքել են իրենց դիրքերը՝ «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների առաջխաղացման պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում