Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ

Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ:

Բողոքի ակցիան նախաձեռնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երբ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ:

Քաղաքացիները փորձում էին մուտք գործել Կառավարության շենք՝ ուղիղ հարցեր տալու Կառավարության անդամներին, սակայն ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին և հրելով՝ նրանց հեռացրեցին մուտքի մոտից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի որոշման հետևանքով երեք գյուղ հայտնվում է շրջափակման մեջ, Պատգամավորը հիշեցրեց, որ դեռ երկու ամիս շարունակ հայտարարում էր, որ ադրբեջանական կողմը մայրուղու հատվածներում շինարարություն է կատարում, սակայն ըստ նրա՝ պետական մարմիններից պատասխան այդպես էլ չի ստացել, թե ի՞նչ են կառուցում:

Պատգամավորը նշեց, որ կան շատ հարցեր, օրինակ՝ ճանապարհով անցնողները ի՞նչ անվտանգություն պետք է ունենան:

«Ուսուցիչը, որ ամեն առավոտ Գորիսից Որոտան գնացող ճանապարհով է անցնում, ինչպե՞ս պետք է գնա դասավանդելու, այդ ԱԽՔ-ը որևէ ձև կարո՞ղ է բացատրել, կամ կառավարության նիստին մասնակցողները կարո՞ղ են պատասխան տալ՝ ի՞նչ է կատարվում, այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է եղել»:

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհին` պատգամավորը  ենթադրում է, որ մայրուղին ամբողջությամբ հանձնվում է, այլընտրանքային ճանապարհը չի կարող լիարժեք փոխարինել գործող միջպետական ճանապարհին։

Գրիգորյանը հայտարարեց` պատրաստվում են մտնել կառավարության շենք, ստանալ պատասխաններ ու բարձրաձայնել մտավախությունները։ Պատգամավորը որոշում է կայացրել բողոքի ակցիայից հետո գնալ Կապան ու անցնել ճանապարհի այդ հատվածով՝ հասկանալու, թե ինչպես կարող է սովորական քաղաքացին անցնել այդ մաքսակետով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում