Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում նոր կարգավորումներ են առաջարկվում

Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում նոր կարգավորումներ են առաջարկվում

Առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 20-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նշել է, որ նախատեսվում է նաև հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի պաշտոնաթող երկու դատավորի նկատմամբ:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ խնդիրն առաջացել է դատական համակարգում 2014 թվականի փոփոխություններից հետո, որոնց արդյունքում էապես փոփոխվել էր դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգը: Նա հավելել է, որ վերացվում է տարբեր ժամանակներում պաշտոնավարած դատավորների սոցիալական երաշխիքներին և կենսաթոշակին առնչվող հարցերում ոչ բալանսավորված իրավիճակը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության հեղինակած լրացումները և փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իրազեկել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական փոփոխություններ են կատարվել: Նա հիշեցրել է, որ պիլոտային է ծրագիրը, նպատակը կատարողականի հիման վրա արդար վարձատրության համակարգ ներդնելն է: Կատարողականի գնահատման չափանիշները սահմանվելու են Կառավարության որոշմամբ, իսկ հաշվարկման կարգը՝ ՊԵԿ նախագահի հրամանով:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում