Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած իրադարձությունները փոխել կամ վերաձևակերպել են օրակարգերը: Նկատի ունեմ նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեության համատեքստում, նկատի ունեմ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որն, այնուամենայնիվ, նոր իրադրություն է, նոր հանգրվան է:
Նաև կարծում եմ՝ այս համատեքստում կարևոր է համեմատել մեր պատկերացումները՝ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերություններն ինչպիսի՞ն պետք է լինեն այս նոր շրջանում և ի՞նչ անելիքներ կան, ի՞նչն է, որ պետք է նույն կերպ շարունակենք և որտե՞ղ պետք է որոշակի վերափոխումներ, վերանայումներ կատարենք:
Այս և նման հանդիպումները շատ կարևոր են փոխադարձաբար մեր ընկալումները և պատկերացումները համեմատելու համար, որպեսզի կարողանանք որոշակի տեսադաշտ բացել, թե դեպի ո՞ւր ենք շարժվում և ինչպե՞ս ենք ձևակերպում նպատակները: Կարծում եմ՝ նոր իրադրություն է, բայց պետք է ձևակերպել այդ իրադրությունը՝ ի՞նչ է դա նշանակում ու ինչպիսի՞ նոր նպատակներ և խնդիրներ պետք է դրվեն այս նոր իրադրության մեջ, ի՞նչ անելիք ունի այստեղ Հայաստանի կառավարությունը, ի՞նչ անելիք ունեն Սփյուռքի կազմակերպությունները և ինչպե՞ս պետք է դասավորվեն այդ հարաբերությունները: Ուրախ եմ, որ այսօր քննարկելու առիթ ունենք»:
Էնթոնի Բարսամյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ նշելով. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ մեզ ընդունելու համար։ Նախևառաջ, մեր ցավակցությունն ենք հայտնում երկրին և անձամբ Ձեզ, մենք այցելեցինք Եռաբլուր հուշահամալիր, զոհերի շիրիմներին։ Ամերիկայի հայկական համայնքը կիսում է կորստյան ցավը, քանզի դա ուղղակիորեն առնչվում է նաև մեզ։
Մենք եկել ենք շնորհավորելու ընտրությունների ավարտի կապակցությամբ, հանդիպելու Ձեզ և նոր կառավարության անդամներին՝ ականջալուր լինելու Ձեր տեսլականին։ Որպես ամերիկահայեր՝ մաղթում ենք լավագույնը այս երկրին: Մենք կաշխատենք և կերաշխավորենք մեր աջակցությունը Հայաստանին, կաշխատենք խորհրդարանի տարբեր կուսակցությունների հետ, կաշխատենք Ձեզ հետ որպես երկրի առաջնորդ, երկրի համար լավագույնին հասնելու նպատակով։ Մենք համագործակցում ենք նաև Ձեր աշխատակազմի հետ, ինչպես վերջին տարիներին, այժմ և հետագայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը:
Պետք է նշեմ, որ Բայդենի վարչակազմը մեր նկատմամբ ունի դրական վերաբերմունք: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության խորացման և տարածաշրջանում Հայաստանի դերի ամրապնդման համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, համահայկական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ