Մի քանի տասնյակ փաթեթ մեթամֆետամին, մարիխուանա և լիրիկա. քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Աշտարակի բաժնի գործընկերների և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ:
Օպերատիվ խմբերը Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին երեք տղամարդու, որոնք ձերբակալվեցին ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերվեցին ոստիկանություն:
Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու իրացնելն էր։ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երեք փաթեթ մեթամֆետամին, 30-ամյա երևանցու մոտ լիրիկայի 28 դեղահաբ կար, իսկ վարորդի` Զովունի գյուղի 30-ամյա բնակչի մոտ` մարիխուանա:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվածը շատ ավելին էր` ընդհանուր մոտ 53 գրամ մեթամֆետամինի 49 փաթեթ, մոտ 93 գրամ մարիխուանայի 58 փաթեթ և լիրիկայի 130 հաբ:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրամիջոցներն իրացրել էր 32-ամյա երևանցին՝ «տելեգրամ» հավելվածի էջերից մեկի միջոցով, որի գործունեությունը կասեցվել է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Կարծիքներ