Լոռու մարզում ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ 5 գործ ուղարկվել է դատարան
Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը նախընթաց շրջանում պարբերաբար տրվել են քրեական վարքագծով անձանց կողմից հնարավոր ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերման, պահման դեպքերը հայտնաբերելու, դրանց հնարավոր կիրառությունը կանխելուն ուղղված անհրաժեշտ օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություններ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ և համակարգված միջոցառումների արդյունքում Լոռու մարզի տարբեր բնակավայրերում փետրվար-ապրիլին կատարվել են հանցավոր վարքագիծ դրսևորող թվով 66 անձանց բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտանբերվել են թմրամիջոցներ, սառը զենք, տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք։
«Հայտնաբերված զենքերն ապօրինի ձեռք բերելու և պահելու առնչությամբ նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ:
Հիշյալ քրեական գործերով հսկողություն իրականացնող դատախազների ցուցումներով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
Կատարված նախաքննության արդյունքում նշված գործերից 5-ը՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մյուս քրեական գործերով նախաքննոթյունը շարունակվում է։
Ելնելով այս արդյունքները զարգացնելու, մարզում քրեածին իրավիճակն առավել վերահսկելի դարձնելու անհրաժեշտությունից՝ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի բնակիչներ հանդիսացող, նախկինում սպանության, սպանության փորձի, ծանր մարմնական վնասվածներ հասցնելու և ավազակության համար դատապարտված, սակայն դատվածությունը չմարված և չհանված թվով 66 անձանց վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ տվյալների, նրանց վերաբերյալ առկա դատական ակտերի ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ այդ անձանցից շատերն առանձնացել են քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծով, հարել են կրիմինալ շրջանակների, որոնց մասնակցությամբ բազմիցս արձանագրվել են քրեական աշխարհին հարիր «ռազբորկաներով», զենքերի և հանրային վտանգավորություն ներկայացնող այլ եղանակներով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:
Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածաշրջանի բնակիչներ են հանդիսանում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «օրենքով գող» Ա. Ջ.-ն, քրեական հեղինակություն հանդիսացող 11 անձինք, որոնցից ոմանք բնակվում են ՀՀ սահմաններից դուրս, ոմանք՝ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, և նրանց հանցավոր «հանձնարարականները», «ցուցումները» կատարողներից կարող են լինել մարզում բնակվող քրեական ագրեսիվ վարքագծով աչքի ընկնող վերոնշյալ անձինք:
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ առկա են տվյալներ նաև, որ հիշյալ անձանցից կամզված շրջանակները մշտապես իրար հետ գտնվում են լարված հարաբերությունների մեջ, նրանց կամ նրանց մերձավոր շրջապատի անձանց մոտ և օգտագործվող ավտոմեքենաներում գրեթե մշտապես լինում են զենք, զինամթերք, որոնք ինքնին հանդիսանում են առավել ծանր հանցագորություններ կատարելու կարևոր նախադրյալներ և պայմաններ:
Ելնելով ուսումնասիրության արդյունքներից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին: Գրությամբ անհրաժեշտ է համարվել ամենօրյա օպերատիվ հսկողության տակ պահել նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 34-104-րդ, 112-րդ և 175-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար դատապարտված և քրեական ենթամշակույթին բնորոշ ակտիվ վարքագծով առանձնացող անձանց նկատմամբ և միջոցներ ձեռնարկել հանցավոր նոր արարքների հնարավոր կատարումը նախականխելու, դրանց նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ:
Կարծիքներ