Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը քննադատել է քրդամետ կուսակցությունը փակելու մասին որոշումը
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը փակելու եւ Օմեր Ֆարուք Գյորգյորլիօղլուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը, հայտնում է Karar-ը:
Երկրի դատախազությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ խնդրելով փակել ԺԴԿ-ն՝ վկայակոչելով կուսակցության հավանական կապերը Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
«Ես դա շատ սխալ եմ համարում»,- նշել է նախկին նախագահը՝ հավելելով, որ «այս քայլը թուրքական կառավարության վրա բեռ է դառնալու, որը վերջերս խոստացել էր քաղաքացիականհ բարեփոխումներ անցկացնել»:
Նախորդ փորձը ցույց է տվել, որ կուսակցությունների փակումը եւ անձեռնմխելիությունից զրկումը նպաստել է ահաբեկչական կազմակերպությունների զարգացմանը: Գյուլի խոսքով՝ ահաբեկչության դեմ կարելի է պայքարել միայն ժողովրդավարության ամրապնդմամբ եւ մարդու իրավունքների վերականգնմամբ:
Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ (2011-2015 թվականներին) Այքան Էրդեմիրի կարծիքով՝ Գյորգյորլիօղլուի վրա Էրդողանի կառավարության խուճապահար հարձակման պատճառը շփոթմունքն է, որը նա առաջացրել է որպես ազգությամբ թուրք պահպանողական սուննի մուսուլման, որի ներկայությունը ԺԴԿ-ում հերքում է Էրդողանի այն պնդումները, թե կուսակցությունը հակաթուրքական եւ հակամուսուլմանական է:
Կարծիքներ