Ստեփանակերտի խաղաղապահ առաքելության կենտրոն անհետ կորածների մասին 214 դիմում է ստացվել

Ստեփանակերտի խաղաղապահ առաքելության կենտրոն անհետ կորածների մասին 214 դիմում է ստացվել

Ամբողջ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի խաղաղապահ առաքելության կենտրոնի թեժ գծում ստացվել է ավելի քան 210 դիմում՝ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Թեժ գծի աշխատանքի ընթացքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 դիմում է ստացվել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ»- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնագետները ստուգել, մշակել եւ 186 զինծառայողի վերաբերյալ տվյալները  փոխանցել են խաղաղապահ առաքելության կենտրոնի որոնողական խմբերին: Բացի այդ, 45 քաղաքացիների հեռախոսով տրամադրվել է հոգեբանական օգնություն, իսկ անհետ կորածների որոնման աշխատանքներում ցուցաբերված օգնության համար 9 շնորհակալական պատասխան է ստացվել:

ՌԴ ՊՆ-ից նշել են, որ մինչ օրս կենտրոն է դիմել 1900 քաղաքացի՝ իրենց անհետ կորած ազգականների որոնման, սեփականության վերադարձի եւ այլ հարցերով:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունն էլ հայտնում է, որ հատուկ ինքնաթիռով փրկարարների հերթական խումբն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, նրանց թվում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապավորներ եւ հոգեբաններ:

«Դեկտեմբերի  6-ին Մոսկվայից թռիչք է կատարել ԱԻՆ  Ил-76 հատուկ ինքնաթիռը: Բացի մասնագետներից, խումբը բաղկացած է Լիդեր կենտրոնի պիրոտեխնիկներից եւ  լեռնափրկարարներից,  Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաեւ հոգեբաններից: Մեկնող անձնակազմը կորոնավիրուսի թեստավորում է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը կտեղափոխի նաեւ 3 ուղեւորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա ու սարքավորումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում