Տիրան Խաչատրյանի դիմումը վարույթ է ընդունվել. Նրան ազատելու հրամանագիրը կասեցվում է իրավունքի ուժով. Ռ.Հայրապետյան
03․03․2021 թվականին Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վերջինիս 24.02.2021 թվականի ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Դատարանի 10․03․2021 թվականին որոշմամբ հայցն ընդունվել է վարույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Տ․ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցը Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի իմաստով համարվում է վիճարկման հայց, որի շրջանակում հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (այս պարագայում ՆՀ-25-Ա հրամանագիրը)։
Ինչ վերաբերում է հրամանագրի գործողության կասեցմանը, ապա այն կասեցվում է իրավունքի ուժով: Համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Քանի որ առերևույթ բացակայում են Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված բացառիկ հիմքերը, ապա վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար և որևէ լրացուցիչ որոշման կամ դիրքորոշման կարիք չկա:
Դատարանը հավելյալ որոշում կկայացներ միայն այն դեպքում, երբ առկա լինեին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկը, որը արգելք կլիներ ակտի կասեցման համար»,- գրել է Հայրապետյանը։
Կարծիքներ