Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին

Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին

 

ՀՀ ազգային ժողովի «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով քննարկումները շարունակվում են՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Կոնջորյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթեն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:  Կոնջորյանը նկատեց՝ տպավորություն է ստեղծվում, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի միակ փոփոխությունը ընտրակարգն է, սակայն բազմաթիվ այլ փոփոխություններ ևս նախատեսվում են:

Հարցին՝ միայն պարզ համամասնական ընտրակարգի անցնելը կլինի՞ փոփոխությունը, թե՞ այլ փոփոխություններ ևս կլինեն:

«Քանի որ պայմանավորված առաջիկա ընտրություններով ընտրակարգի հարցը դարձել է քաղաքական քննարկումների կիզակետը, նաև այդ մասով քննարկումները շարունակում ենք: Կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետի հայտարարությունը վերաբերել է հենց ընտրակարգի հատվածին, սակայն փաթեթով շրջանառության մեջ դրել ենք նաև շեմերի հարցը, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցը, մի շարք փոփոխություններ, որոնք, ըստ էության, բերելու են Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ազատականացմանը:  Եվ պատրաստակամ ենք այդ հանձնառությունն իրականացնելու:Պարզ համամասնական ընտրակարգի անցում կատարելու որոշումը կայացվել է: Այս պահին քննարկումները շարունակվում են, շարունակվում է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ մեր քննարկումները»,-ասաց նա:

Առաջիկայում կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Պատգամավորի խոսքով՝ քննարկումների հաջորդականության արդյունքներով կտեղեկացնեն հաջորդ քայլերի մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նաև հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնալ ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և սպասվող արտահերթ ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով՝ այսինքն` առանց վարկանիշային ընտրակարգի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում