Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ. Պարույր Հովհաննիսյան

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը ընդգծել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն էլ առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դոմինիկանայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման հեռանկարները:
ԱԳ նախարարի տեղակալը նաև անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին, առկա զարգացումներին, ինչպես նաև զրուցակցին է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը:
Կարծիքներ