Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է

Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է։ «Պարտեզ» ռեստորանում մոտ 1.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի գործով Ծառուկյանը ունի վկայի կարգավիճակ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական Կոմիտեի մամուլի ծառայությունից։ «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վաչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է Նվեր Ծառուկյանը»,- նշեցին Քննչական Կոմիտեից։ Հիշեցնենք՝ հունիսին նա չէր կարողացել ներկայանալ հարցաքննության, քանի որ նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել: 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 7, մահացել՝ 2 անձ։ 7 մեղադրյալի մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, խուլիգանության հոդվածներով, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում