ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է
ՀՀ ՔԿ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, երիտասարդը ձերբակալվել է:
«2024թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հ․ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ապրիլի 15-ին` ժամը 17:15-ին, վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ս․ Վ․-ին ձերբակալելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք՝ ձերբակալված երիտասարդի՝ Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ առերեսվել են իր պաշտպանյալն ու պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որից հետո Վարդանյանը ձերբակալվել է:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ հասարակական տրանսպորտում սադրում էր Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում էր անձը վիրավորող արտահայտություններ:
Կարծիքներ