Մեղադրանք է առաջադրվել բժշկին. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկի կողմից չորսամյա տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 4-ամյա փոքրիկին, որն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, 2021թ. մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» ԲԿ մանկական սրտաբանական կլինիկա՝ բժիշկ-սրտաբանի մոտ հետազոտության:
Նշված օրը երեխան անհանգիստ է եղել և կենտրոնում չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը, երեխային հանդարտացնելու և հանգստացնելու նպատակով, դիտավորությամբ ապտակել է նրան՝ պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ