Չինաստանում Boeing-ի կործանման վայրում խոշոր որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են
Չինաստանի հարավում ավարտվել է Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների հիմնական մասը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ավիացիոն անվտանգության գրասենյակի ղեկավար Չժու Տաոն։
«Ներկայումս հիմնական որոնողափրկարարական աշխատանքները հիմնականում ավարտված են»,- ասել է նա։
Ինչպես նշել է Չժու Տաոն, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին, փորձագետներն անցնում են հաջորդ փուլին՝ տեխնիկական վերլուծություն, հավաքագրված տեղեկատվության ուսումնասիրություն և աղետի հետաքննություն։
Ավիացիոն անվտանգության գրասենյակի ղեկավարի խոսքով՝ հետաքննության նախնական արդյունքների մասին հաշվետվությունը կավարտվի վթարի օրվանից 30 օրվա ընթացքում։ Ամբողջական զեկույցը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։
Կարծիքներ