Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վարժանքներ են անցկացրել Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վարժանքներ են անցկացրել Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով

Մարտական պատրաստվածության պլանային պարապմունքի շրջանակներում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ պայմանական հակառակորդի հնարավոր խախտումները կանխելու և Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ վեց ուսումնական տեղամասերում նախազգուշական ազդանշան ստանալուց հետո խաղաղապահները տեղանքից հեռանալու, БТР-82А զրահափոխադրիչ բեռնելու, պայմանական ներխուժողին արգելափակելու և դեպի նշված գիծ մանևրելու մարտավարական հնարքներ և գործողություններ են մշակել։

«Դիտակետի անձնակազմի հետ պարբերաբար անցկացվում են մարտական պատրաստվածության վարժանքներ գիշերը և ցերեկը։ Մշակվում են տարբեր սցենարներ, որոնք ապագայում թույլ կտան անձնակազմին հմտորեն գործել ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակում։ Մարտական պատրաստվածության պարապմունքներ անցկացնելիս մոտակա բնակավայրերի բնակիչները մեզ վերաբերվում են վստահությամբ և ըմբռնումով, վարժանքներ կազմակերպելիս խնդիրներ և հարցեր չեն առաջանում», – ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։

Պարապմունքն ավարտվել է զինծառայողների պրակտիկ գործողություններով և դիտակետի մարտական պատրաստության պահպանմանն ուղղված առաջադրանքների մշակման համալիր պարապմունքով։

ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև ապահովում են տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր տեսակի ապրանքների փոխադրումները Լաչինի միջանցքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում