Քաղաքացին գարեջրի դատարկ շշով հարվածել է համատիրության մուտքի դռանը, վնասել սրճարանի ապակիները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում կատարված խուլիգանության դեպքերի մի շարք հանգամանքներ:
2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում քաղաքացին, խուլիգանական մղումներով, սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բարձրաձայն հայհոյելով, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գարեջրի դատարկ շշով հարվածել էր համատիրության մուտքի դռանը՝ պատճառելով գույքային վնաս:
Նույն օրը՝ ժամը 06:48-ին, հաղորդում էր ստացվել նաև այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող սրճարանի պատուհանի ապակիները:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից, որը Երևան քաղաքի բնակիչ է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել և ներկայացվել էր նախաքննական մարմնին:
Վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասով (երկու դրվագ), որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ