Ադրբեջանի նախկին դեսպանը Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանել է «խոզ»
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Соловьев Live յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեի խոսքերը, որը Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանել էր «խոզ»: «Газета» պարբերականի փոխանցմամբ՝ Ժիրինովսկին խոստացել է այս ամենն անպատիժ չթողնել:
«Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրեական գործ հարուցել: Դա հրեշավոր վիրավորանք է: Սա միջնադար է»,- ասել է Ժիրինովսկին:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով նախկին դեսպանի խոսքերը, նշել է, որ Վագաբզադեն 2016-ին ազատվել է պաշտոնից՝ աշխատանքում թույլ տված թերությունների համար, այդ պատճառով էլ նա չի ներկայացնում Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ որևէ այլ պետական մարմին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այս պարագայում ճիշտ չէր լինի մեկնաբանել նրա խոսքերը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իսֆանդիյար Վագաբզադեն դիմել էր Վլադիմիր Ժիրինովսկուն, որն ասել էր, որ Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին ռուսական կայսրությանն է նվիրել Իրանի շահը: Վագաբզադեն իրեն կոշտ արտահայտություններ էր թույլ տվել՝ Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանելով «խոզ»:
Կարծիքներ