Մհեր Գրիգորյանը և Ջոն Ալելոն քննարկել են Հայաստանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները

Մհեր Գրիգորյանը և Ջոն Ալելոն քննարկել են Հայաստանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Ջոն Ալելոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ վերահաստատում է ԱՄՆ ՄԶԳ-ի պատրաստակամությունը համագործակցելու Կառավարության հետ ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ 2020-2025թթ. երկրի զարգացման ռազմավարության ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխվարչապետն այս համատեքստում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից ընդգծել է հանրային կառավարման բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ թվայնացման գործընթացի առաջխաղացման կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հանդիպումների պարբերականությունը՝ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերը քննարկելու և երկրի զարգացման ռազմավարության ծրագրի շրջանակներում համագործակցության նոր համաձայնագիր մշակելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում