Ժան-Միշել Բասկիայի կտավը Հոնկոնգում անկացված աճուրդում վաճառվել է 30 միլիոն դոլարով
Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ եւ գրաֆիտիի ստեղծող Ժան-Միշել Բասկիայի (1960-1988) նկարը Հոնկոնգում վաճառվել է 30 միլիոն դոլարով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախորդ գիշեր Christie's-ում անցկացված աճուրդի կազմակերպիչները:
«Լոտը վաճառվել է 234.290.000 հոնկոնգյան դոլարով [30.1 մլն դոլար] եւ դարձել է ամենաթանկն աճուրդում»,- ասել են կազմակերպիչները: Նրանք պարզաբանել են, որ այս աշխատանքը գնահատվել էր 18-22 միլիոն: Գնորդի անունը չի հաղորդվում:
Խոսքը 1982-ի «անանուն» նկարի մասին է: Այն ստեղծվել է 182.9 x 121.9 սմ չափսի կտավի վրա` ակրիլային, յուղային եւ աէրոզոլային ներկերով եւ կոլաժի տարրով:
Այս աշխատանքը վերջին անգամ Լոնդոնում աճուրդի էր հանվել 2017 թվականին` 14.5 միլիոն դոլարով: 1987 թվականին (հեղինակի կենդանության օրոք) այն վաճառվել էր 23.1 հազար դոլարով:
2017-ի մայիսին Բասկիայի մեկ այլ անվերնագիր նկար հայտնվել էր Նյու Յորքում այս նկարչի համար ռեկորդային գնով` 110.5 միլիոն դոլարով:
Կարծիքներ