«Պատմական ու բարոյական ձախողում». Մակրոնը քննադատել է Լիբանանի քաղաքական առաջնորդներին

«Պատմական ու բարոյական ձախողում». Մակրոնը քննադատել է Լիբանանի քաղաքական առաջնորդներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանի քաղաքական առաջնորդները, խոչընդոտելով երկրում նոր կառավարության ձևավորումն ու բարեփոխումների անցկացումը, պատմական ու բարոյական սխալ են գործել:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մակրոնը խոսել է ՄԱԿ-ի հովանու ներքո՝ ի աջակցություն Լիբանանի կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան և եվրոպացի գործընկերները կարողացել են սահմանափակ միջոցներ ձեռնարկել՝ ընդդեմ լիբանանցի քաղաքական գործիչների, որոնք ներգրավված են կոռուպցիաների կամ երկրում քաղաքական բարեփոխումների անցկացումը խոչընդոտելու գործընթացներում, և ստեղծել են Լիբանանի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրելու հատուկ մեխանիզմ:

«Թվում է, թե լիբանանցի առաջնորդները խաղադրույք են կատարում կասեցման ռազմավարության վրա, որի համար ես ափսոսում եմ և կարծում եմ, որ դա պատմական և բարոյական ձախողում է:
Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առաջնահերթ է այնպիսի կառավարության ձևավորումը, որն ունակ կլինի հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ի աջակցություն տեղի բնակչության»,- հայտարարել է Մակրոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում