Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին

Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Հայաստանի  և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար շատ-շատ չափավոր լավատեսություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ստեղծված հանձնաժողովների մասին հարցին:

«Գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու»,- ասաց Վարդանյանը:

Իսկ մանրամասները կբյուրեղանան, երբ երկկողմ հանձնաժողովը սկսի իր բուն աշխատանքը:

Պատգամավորն ընդգծեց, որ սահմանազատումը, սահմանագծումը բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է, և այս գործընթացի պարագայում և քաղաքական կամքը, և ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմը, և բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինեն՝ հաջողությամբ այս գործընթացն ավարտելու համար:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021 թվականի նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և այդուհետ սահմանագծման  հարցերով երկկողմ հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական մասնակցությամբ: 2022 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Երկրորդ հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում