ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր:
Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք այսօր ստորագրել ենք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Դրա իրականացմամբ նպատակ է դրված ներդնել էական ջանք այս նուրբ և էլ ավելի արդիական դարձող թեմայով հետագա համագործակցության զարգացման մեջ: Այն կօգնի ուժեղացնել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածքը»,- նշեց Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ այս արդիական հարցն առաջ է տարվելու նաև բազմակողմ հարթակներում` ներառյալ ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն:
Սերգեյ Լավրովը Երևան է ժամանաել երկօրյա այցով:
Մայիսի 6-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:
Կարծիքներ