Սա պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ է. Չախոյանը՝ Վանեցյանի երկրից գնալու մասին

Սա պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ է. Չախոյանը՝ Վանեցյանի երկրից գնալու մասին

Փառք Աստծո, Հայաստանում այսօր առողջապահության ոլորտը բավականաչափ զարգացած է, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրի քաղաքացիներին:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ այսօր վաղ առավոտյան առողջության հետ կապված հարցերով Եվրոպա մեկնելուն:

Չախոյանը Վանեցյանի պատճառաբանությունը համարում է էժան, պատասխանատվությունից խուսափող պարզաբանում:

«Արձանագրենք, որ մեկ ամսից ավելին քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչ անող Վանեցյանն այսօր Հայաստանում չէ: Սա պատասխանատվությունից խուսափելու, իսկ ժողովրդական լեզվով ասած՝ «թռնելու» դասական օրինակ է, ինչը զարմանալի զուգադիպությամբ վերջին օրերին նկատվում է «փրկիչների» մոտ»,- հավելել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր առաջնորդներից Արթուր Վանեցյանը բուժման նպատակով մեկնել է արտերկիր: Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վերջինիս մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, ընդդիմադիր ուժերը, որոնք մեկ ամսից ավելի է՝ փողոցային պայքար են ծավալել գործող իշխանության դեմ, կրկին հանրահավաք են հրավիրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում