Նշանակել ընտրության 2-րդ փուլ, կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ. Վարդևանյանի պնդումը ՍԴ-ում

Նշանակել ընտրության 2-րդ փուլ, կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ. Վարդևանյանի պնդումը ՍԴ-ում

«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարանում պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր կան՝ առաջարկելով կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ, կամ մանդատների բաշխման նոր կարգ: Այս մասին ՍԴ նիստում ասաց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Հայաստան» դաշինքն ակնկալում է, որ ՍԴ-ն կկայացնի 3 որոշումներից մեկը, կամ անվավեր կճանաչի ընտրության արդյունքներն առհասարակ, կամ անվավեր կճանաչի և կնշանակի ընտրության երկրորդ փուլ, կամ կսահմանի մանդատների բաշխման կարգ։

«Ես կարծում եմ, որ սույն վեճի լուծումը նաև ուղենիշային է լինելու Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում եմ ՝ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու: Այո, մենք միանշանակ պնդում ենք, որ այստեղ անվավերության հիմքերն առկա են, պնդում ենք, որ ընտրության արդյունքներն առհասարակ անվավեր ճանաչելու հիմքերը կան: Դրանք պայմանավորված են՝ թե քանակական, թե որակական իրավախախտումներով»,-ասաց Վարդևանյանը:

Վարդևանյանը դաշինքի անունից բարձր դատարանին խնդրեց՝ եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը, կամ նշանակել երկրորդ փուլ կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ:

Դատավոր Արևիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձանց  գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:

«Վստահված անձին ընտրությունների ընթացքում՝ մինչև 20:00-ն բերման էին ենթարկել ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու համար: Դեպքեր են եղել, երբ վստահված անձը ինչ-որ հայտարարություն է կատարել, նրան մոտեցել և հրավիրել են ոստիկանության բաժին, որն էլ մերժել է: Վստահված անձը պետք է լինի ընտրական տեղամասում, այլ ոչ թե ոստիկանության բաժանմունքում պարզաբանումներ տալու: Բայց ասել, որ դա էական, շատ մեծ ծավալի է եղել, ոչ»,-ասաց Վարդևանյանը:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում