Ռուբեն Վարդանյանը հարցաքննվել է փողերի լվացման թեմայով, բացառված չէ, որ կալանավորվի
Ինչպես հայտնում է MediaNews-ը, վերջիններիս տեղեկություններով «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանն օրեր առաջ հարցաքննվել է փողերի լվացման թեմայով։
Հավանաբար շատերն են նկատել, որ քաղաքականություն մտնելու և քաղաքականությամբ զբաղվելու մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունից հետո վերջինս շատ հազվադեպ է հանդես գալիս քաղաքական հայտարարություններով, իսկ ավելի շուտ, կարծես թե ինչ-որ պրոցեսներով պայմանավորված է մերթընդմերթ երևում հանրության աչքին։ Բացառություն չէր նաև Վարդանյանի վերջին հայտարարությունները Հայաստանի հետ կապված։
Փողերի լվացման թեմայով հարցաքննվելուց հետո ձերբակալության մոտալուտ վտանգը զգալով Վարդանյանը փորձեր է անում ստեղծել տպավորություն, թե իբր Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, իսկ ինքը փորձում է պայքարել դրանց դեմ և կարող է դառնալ ռուսական կողմի սրտի թեկնածուն։ Պատահական չէր նաև ընդամենը մի քանի օր առաջ մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Վարդանյանը պատրաստվում է առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այս կերպ Վարդանյանը փորձեր է անում կերտել սեփական անձից քաղաքական կերպար, միաժամանակ օգնություն աղերսելով ռուսական կողմից, որպեսզի հետագայում իր հարցաքննությունը ու, բացառված չէ, նաև ձերբակալությունը որակի որպես քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Եվրախորհրդարանի 22 պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել «Տրոյկա լվացքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի («Տրոյկա դիալոգի» ղեկավար) և Վլադիմիր Ռոմանովի («Յուկիո» բանկի նախկին նախագահ) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։Վարդանյանի «Տրոյկա լվացքատանը» մանրամասն անդրադարձել էր նաև «Հետք» պարբերականը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանի ընկերությունը փողերի լվացմամբ զբաղվել։
Ի դեպ, Հայաստանում սա նոր պրակտիկա չէ, մինչ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալության մոտալուտ վտանգը զգալով շատերն են փորձել սեփական անձից կերտել քաղաքական կերպար, ներկայանալով ազգի փրկիչ և միաժամանակ օգնություն աղերսելով ռուսական կողմից։ Չնայած որ, փողերի լվացման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը չունի և ոչ մի շանս անգամ հասարակ գյուղապետ դառնալու։
Կարծիքներ