ԱԻ նախարարը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարի հետ
Այսօր՝ մարտի 9-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Պիտերս Յահիայի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆի հետ:
Նախարար Փիլոյանն անդրադարձել է գերատեսչության և ՄԱԿ-ի կառույցների միջև իրականացվող համագործակցության ծրագրերին: Մասնավորապես ՄԱԶԾ-ի և ԱԻ նախարարության համատեղ «Աղետների ռիսկի նվազեցման և պատրաստվածության ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում իրականացվել են «Ազգային ԱՌՆ ռազմավարության և Հյոգոյի գործողությունների շրջանակային ծրագրի (ՀԳԾ) իրականացման համար բարենպաստ միջավայրի ստեղծման», «Աղետների ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգման և համագործակցության», ինչպես նաև «Աղետների և կլիմայի ռիսկի կառավարման ինտեգրում` համայնքային, տեղական և քաղաքային զարգացման գործընթացներում» ծրագրերը: Կարևորվել է նաև ազդարարման համակարգերով սահմանամերձ բնակավայրերի ապահովման հարցում ցուցաբերած աջակցությունը։
Համաձայն ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման հնգամյա ծրագրի՝ մշակվել է «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների» պլանը:
Ա. Փիլոյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-4-ը Հայաստանում նախատեսվում է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորման քննության անցկացումը: Վերաորակավորման քննությանը նախորդելու է 2022 թվականի ապրիլի 25-ից 29-ն անցկացվելիք հայկական թիմի նախնական վերաորակավորման 36-ժամյա դաշտային վարժանքը:
Տիկին Լիլա Պիտերս Յահիան վերահաստատել է իրենց կողմից նախարարության հետ համագործակցության ծրագրերի զարգացման և ընդլայնման պատրաստակամությունը:
Կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով ԱԻՆ համագործակցությունը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի և ՄԱԿ-ի կառույցների հետ:
Կարծիքներ