Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսի 14-ին Արարատի մարզում քարոզարշավը եզրափակեց Արտաշատում: Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցելու համար: Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիները հունիսի 20-ին հաստատելու են սեփական իշխանությունը: Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով օրեր առաջ հայ ռազմագերիների վերադարձին Հայաստան, նշեց, որ նրանցից մի քանիսը Արարատի մարզից են:
«Կան ուժեր, որոնք ոչ միայն չեն ուրախացել, այլև տխրել են այդ կապակցությամբ ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են: Վերջին ամենաթարմ բամբասանքն այն է, որ իբր մենք Ռուսաստանի մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզները: Դա կատարյալ անհեթեթություն է: Մինչ այս մենք ադրբեջանական կողմին ականապատ քարտեզներ փոխանցել ենք, դա արել ենք մեր ռուս գործընկերների միջոցով: Ես ինքս էլ ասել եմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ուղարկել ենք այդ քարտեզներից օրինակներ: Նաև ուզում եմ ընդգծեմ, որ այս հարցի հետ կապված ոմանք ցանկանում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություններում սեպ խրել, ասեմ, որ դա չի ստացվի: Մենք շնորհակալ ենք ոչ միայն ԱՄՆ-ի, Վրաստանի, ԵՄ-ի մեր գործընկերներին, որոնք 15 ռազմագերիների վերադարձի հարցում մեծ գործ են ունեցել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դրանից առաջ Ռուսաստանի ներկայացուցիչներն են շատ մեծ արդյունավետությամբ աշխատել: Նախկինում ավելի քան 50 գերիների վերադարձը ՌԴ իշխանությունների ջանքերի շնորհիվ է: Համոզված եմ, չեմ կասկածում, որ մեր ռուս գործընկերները ոչ մի րոպե չեն մոռանում գերիների հարցը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ է ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա նշեց, որ այս տարի երկու անգամ դեմ առ դեմ հանդիպում է եղել ՌԴ նախագահի հետ, և քննարկումների առանցքային հարցը գերիների վերադարձն էր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է այս հարցով զբաղվել:
Անդրադառնալով ականապատ քարտեզների հարցի շահարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնպես չէ, որ ունեցած բոլոր քարտեզները վերադարձրել են: Տրվել է մի փոքր մասը՝ գերիների վերադարձին ի պատասխան: Նա ընդգծեց, որ խոսքը չի գնում այն հատվածի քարտեզների մասին, որոնք բաժանում են Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ցավալի իրադարձություններով պայմանավորված գտնվում են ադրբեջանցիների թիկունքում:
«Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է: Այսօր Ադրբեջանում դատական գործընթացներ են տեղի ունենում, չեմ բացառում, որ մեր գերիները դատապարտվեն, բայց ես ուզում եմ ձեզ բերել Կարեն Ղազարյանի օրինակը, ով դատապարտվեց, սակայն այսօր նա Բերդավանի իրենց տանն է: Այնպես, որ մենք մեր ճանապարհից որևէ կերպ չպետք է շեղվենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատում անցկացրած հանդիպումը եզրափակվեց երթով:
Կարծիքներ