Վստահություն չկա, որ իրական են. Հայկ Սարգսյանը՝ հանրահավաքին մարդկանց բերելու տեսանյութերի մասին
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը իրական չի համարում համացանցում տարածված այն տեսանյութերը, որում խոսվում է այն մասին, թե իշխանությունը մարզերից մարդկանց է բերում Երևան՝ մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու համար:
Այս մասին Սարգսյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Իշխանությունը երբևէ որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս այսօր: Մենք հայտարարել ենք, որ հավաքվելու ենք, մարտի 1-ի զոհերի հիշատակի միջոցառում ենք կազմակերպելու Հանրապետության հրապարակում, որին հետևելու է նաև երթ, և մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել, տարբեր մարզերից ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան»,- ասաց Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրահավաքին մարդկանց բերելու հրահանգներ չեն տրվել մարզպետներին և գյուղապետներին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ ոչ, իսկ տեսանյութերի առչնությամբ հայտնեց, որ որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են:
Կարծիքներ