Արծվիկ Մինասյանը դավաճան համարու՞մ է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Արծվիկ Մինասյանը դավաճան համարու՞մ է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել առկա սահմանները կամ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, նշել է, որ սա կարելի է վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն։ Մինասյանի խոսքով, եթե դա կանխամտածված հայտարարություն է, ապա դա գնահատում է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, պետական դավաճանության դրսևորում։

Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախարարական պաշտոններ տարիներով զբաղեցրած ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը այն տարիներին կարծես այդքան հայրենասեր ու պահանջատեր չէր, հակառակ պարագայում երկու նախագահների նույնաբովանդակ հայտարարություններին պետք է, որ ցասումով արձագանքեր։ Դեռևս 2005թ-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, և կոչ արել պահանջների հարցում լինել ավելի իրատես: Այդ նույն ժամանակահատվածում Արծվիկ Մինասյանը զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը, բայց որևէ կերպ ոչ ինքը ոչ ՀՅԴ-ն չի ընդդիմացել Քոչարյանին, առավել ևս որակել դավաճանության դրսևորում։

2008թ-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես ստիպված պետք է կրկնեմ` Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ որեւէ տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ չի ներկայացրել: Նորից եմ կրկնում. Հայաստանի որեւէ պետական պաշտոնյա այդպիսի հայտարարություն չի արել»։ Սերժ Սարգսյանը նույն միտքը հնչեցրել է նաև
2013թ-ին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, բայց կրկին լուռ է եղել Արծվիկ Մինասյանը։

Եզրակացությունը թերևս մեկն է. իշխանության մաս կազմող Արծվիկ Մինասյանը վստահաբար ավելի հայրենասեր ու պահանջատեր չէր, հակառակ պարագայում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունները պիտի բնորոշեր պետական դավաճանություն։ Այն ժամանակ նախարարական փափուկ աթոռին բազմած Մինասյանին ամենևին չի հուզել այն փաստը, որ նախագահները նման «դավաճանական» հայտարարություններ են արել, իսկ ահա ընդդիմադիր Մինասյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Սևի պայմանագրով գծված Հայաստան հետ չպահանջելու մեջ։

Պարզապես մնում է Մինասյանին հիշեցնել Քոչարյանի և Սարգսյանի հայտարարությունները և հարց ուղղել՝  դավաճան են արդյո՞ք նրանք, և եթե այո ապա ինչու է շարունակում մաս կազմել Քոչարյանի գլխավորած դաշինքին։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում