Հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել. Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին կսպասեմ ուղիղ եթերում. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում է:
Նրան ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Արմավիրի մարզպետ Դավիթ Գևորգյանն ու այլ կուսակցականներ:
Նիկոլ Փաշինյանը կուսակիցների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է ծրագրերից, որոնք արդեն կյանքի են կոչվել և աշխատանքներից, որոնք սպասվում են:
Նա նշեց, որ շատերին է հետաքրքրում հարցը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ներկայիս կառավարությանն ինչպես հաջողվեց մնալ տեղում: պատասխանելով այդ հարցին, Նիկոլ Փաշինյանը խոսեց նոյեմբերի 10-ի հայտնի դեպքերի մասին, որին հաջորդել է զինծառայողների ուղերձը, այնուհետ՝ քաղաքացիների դիրքորոշումը, որն ավելի շատ հարցեր է լուծում, քան մնացած ամեն ինչ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին ՀՀ ամեն մի քաղաքացու քվեն տեղ է հասնելու և այսօրվա իշխանությունը՝ ինչպես ընդդիմադիրներն են ասում, չունի ընտրակեղծարարի անուն: Ըստ նրա, ընտրակեղծիքներ գործած բոլոր իշխանությունների ներկայացուցիչներն այժմ մասնակցում են այս ընտրություններին և պետք է այժմ արդեն հստակ գնահատական տրվի այդ ամենին՝ քվեների տեսքով:
Նա ներկայացրել է անասնապահության, այգեգործության ոլորտում առկա խնդիրներին առաջարկվող լուծումները: Փաշինյանը հիշեցրել է, որ արդեն մի քանի օր է՝ ղարաբաղյան հակամարտության պատմության ու ընթացքի մասին ինքը փաստեր ու տվյալներ է ներկայացնում ու որևէ հստակ ժխտում դրան չի եղել, ինչը հավաստում է խոսքերի իսկությունը:
Բանակցային փաթեթն ընդամենը մի քանի էջ է, բայց այնտեղ այնքան նրբություններ կան, որոնք քաղաքացին պետք է պատկերացնի: Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ և նրանք ստիպված են լինելու պատասխանել այդ նրբությունների մասին հարցերին: Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին այդ հարցերը կուղղեմ հունիսի 18-ին, ուղիղ եթերում, որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել:
«Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք: Ես Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ՝ ինչու՞ է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնվել ու այդպիսով դարձել տարածքային վեճ կողմերի միջև: Այստեղից է ի հայտ գալիս նաև Մեղրին Ադրբեջանին հանձնելու դավադիր և դավաճանական ծրագիրը, որը Քոչարյանն է տարել ու Անվտանգության խորհրդի նսիտում քննարկել: Այս փաստն արձանագրված է այդ նիստին ներկա եղած անձանց կողմից, այդ թվում՝ նաև այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար եղած Վաղարշակ Հարությունյանի խոսքերով: Այս ամենին կետ առ կետ պետք է տրվեն պատասխաններ»:
Կարծիքներ