ՆԱՏՕ-ն կդադարի Ռուսաստանը համարել «կառուցողական գործընկեր»
ՆԱՏՕ-ն վերստին կգրի իր ռազմավարական հայեցակարգը, քանի որ այն չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Մեծ Բրիտանիայից Բելգիա ճանապարհին ինքնաթիռում ունեցած ճեպազրույցում։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կմեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
«Վերջին ռազմավարական հայեցակարգը գրվել էր 2010 թվականին, որտեղ Ռուսաստանը բնորոշվում է որպես «կառուցողական գործընկեր», իսկ Չինաստանի մասին ընդանրապես խոսք չկա։ Այնպես որ, ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը թարմացնելու ժամանակն է»,-ասել է Սալիվանը, փոխանցում է Սպիտակ տան կայքը։
Նա հավելել է, որ նախագահ Ջո Բայդենը գագաթնաժողովին այդ հարցով խորհրդակցություններ կունենա դաշնակիցների ու գործընկերների հետ։
Սալիվանի խոսքով՝ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը երկրների առաջնորդների հետ կքննարկի նաև մի շարք հարցեր, այդ թվում մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք գալիս են Ռուսաստանից՝ կապված կիբերտարածքին և նոր տեխնոլոգիաներին առնչվող խնդիրների հետ։ Բայդենը կանդրադառնա նաև Չինաստանից եկող սպառնալիքներին և Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
Կարծիքներ