Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան. ՀԺ

Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան. ՀԺ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Չարչյանը  բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության մեքենայով , բայց թե որ բժշկական կենտրոնում է, և ինչպես է գնահատվում վիճակն այս պահին, պաշտօպանը տեղյակ չէ:

Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել մինչ կալանքի որոշման կայացումը: Որոշման հրապարակման ժամանակ Չարչյանը դատարան չէր եկել: Պաշտպանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ վերջինս առողջական խնդիրներ ունի: 

«Խոսքը սրտի 3 անգամ ստենդավորում ստացած մարդու մասին է, որը 2015-ից գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նաև շաքարային դիաբետ ունի,  և եթե հաշվի առնեք, թե ապօրինի քրեական  հետապնդումնինչ սթրեասյին վիճակ կարող է առաջացնել, մնում է միայն առողջության մաղթել բժշկին»,-ասաց Վարդևանյանը:

 Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրեց:

 Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 18-ին, հրապարակվել էր ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Հայտարարել էր նաեւ, թե սոցիոլոգիայում կան բանաձեւեր, որոնց միջոցով հնարավոր է տոկոսային հարաբերությամբ մոտավորապես ճշտել, թե ով ինչ ընտրություն է կատարել:

Ձայնագրության տարածումից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելը հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):

Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին և ազատ արձակվել ընտրություննեի օրը՝ հունիսի 20-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում