Վարչապետի ելույթը համոզիչ էր, որովհետեւ փաստարկված էր, հիմնավոր էր, թվերով էր, անքննելի էր. Հայրապետյան
Մինչև 2018-ը հանրության մեջ ընկալում կար, որ իշխանություն նշանակում է իշխել, կար մոլորություն, որ իշխանությունը արտոնված առավելություն է, կար կեղծ դիրքավորում, որ իշխանությունն ասում է, մյուսները լսում են: Կար խեղաթյուրված իրողություն, որ օրենքը օրենք արարողի համար գոյություն չունի, և կար դաժան իրողություն՝ վախ իշխանությունից, ատելություն և վերջին հույսով սպասում: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:
«Չեմ եկել արդարանալու, չեմ արդարացնելու իմ քաղաքական թիմին: Ինչպես նախկինում, այսօր էլ ունենք կամք և համարձակություն՝ խոսելու մեր սխալներից և բացթողումներից: Բայց սխալները հետապնդում են բոլոր իշխանություններին և ամենուր: Ուղերձս պարզապես հղում եմ ՀՀ նոր իշխանություններին, ովքեր էլ որ նրանք լինեն՝
1. իշխանություն նշանակում է քեզ իշխանության բերած ժողովրդի կամքն իրականացնող
2. իշխանությունն արտոնություն չէ, այլ արժանապատիվ պարտականություն.
3. իշխանությունը ասող բերան չէ, այլ լսող ականջ.
4. քո իսկ կողմից հռչակված օրենքի ուժը քո իսկ կողմից կատարման մեջ է.
5. իշխանություններից վախով և ատելությամբ լցված ժողովուրդը միայն մեկ բանի է սպասում՝ դրա վախճանին:
Հիմա հարց եմ տալիս՝ արդյոք մեր քաղաքական թիմին հաջողվե՞ց այս կարճ ժամանակահատվածում իրողություն դարձնել այս իդեալը, շտկել արժեքային մոլորությունները... հարցի պատասխանը թողնում եմ հանրության դատին, իսկ այդ դատին մենք հնազանդ ենք լինելու, իսկ այս իշխանությունը լծված է լինելու այդ կամքի իրացմանն այդչափ ծանր, բարդ ժամանակահատվածում»,- ասաց պատգամավորը:
Կարծիքներ