Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ

Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում 2021 թ. ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում՝ Սարուխան, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Վարդենիս, Ախպրաձոր, Մաքենիս, Խաչաղբյուր, Լուսակունք, Կարճաղբյուր, Մարտունի, Արգիճի, Արծվանիստ, Լիճք, Ծակքար, Վարդենիկ, Մարտունի, Գեղհովիտ, Ն. Գետաշեն համայնքներում, իրականացվել են ուռենիների կտրոնների տնկման և գետերի մաքրման աշխատանքներ:

 

Մասնավորապես, վերոնշյալ համայնքներում ապրիլ-հունիս ամիսներին տնկվել է 520,000 ուռենու կտրոն՝ 249 հոգու մասնակցությամբ, իսկ գետերի մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել ավելի քան 250 բնակիչ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է նաև, որ գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում հավաքվել է ավելի քան 229 364 կգ աղբ, 238 կգ պլաստիկ և 45 կգ ապակյա տարրաներ, այսինքն՝ վերամշակման ենթակա թափոն, որն ուղարկվել է վերամշակման գործարաններ:

«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք և պարտավորեցնում.

- Հոգատար լինել գետերի հանդեպ, քանի որ նրանք Սևանա լիճը սնուցող գլխավոր զարկերակներն են և ոռոգման հիմնական աղբյուրները.

- Խստիվ արգելվում է կենցաղային աղբը, ինչպես նաև կենդանիների օրգանները գետերի մեջ լցնելը.

Եկե՛ք Վարդավառի տոնակատարությունների ընթացքում մեր ու ձեր կողմից իրականացրած հսկայական աշխատանքը «Ջուրը չգցենք»,- ասված է  հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում