Հաճախորդի կողմից դիմակ չկրելու շուրջ վիճաբանության հետևանքով խանութի սեփականատերը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է ստացել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խանութի սեփականատիրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում գործող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ, 30-ամյա տղամարդու, քննությամբ դեռևս չպարզված անձանց և խանութի սեփականատիրոջ միջև՝ առանց դիմակի խանութ մուտք գործելու շուրջ, ինչը շարունակվել է նաև խանութից դուրս՝ շենքի կողային հատվածում:
Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա վանաձորցին ընկերների հետ, դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խմբով, ձեռքերով ու ոտքերով, իսկ 30-ամյա տղամարդը՝ նաև քարի գործադրմամբ, անկանոն հարվածներ են հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո տուժողին թողնելով դեպքի վայրում՝ վերջինիս կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Միջադեպին մասնակից մյուս անձանց մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ