Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ ՀՀ նախագահ Սարգսյանին ուղղված հրավերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Բուլղարիայի նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է փոխգործակցության խորացման համար, որը հիմնված է հայ և բուլղար ժողովուրդների երկարամյա պատմամշակութային կապերի վրա:
Ըստ աղբյուրի՝ նախագահները հեռանկարային են համարել գործընկերությունը, մասնավորապես, մշակույթի, կրթության, նորարարության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում:
«2022 թ. Հայաստանը և Բուլղարիան նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լրացուցիչ ազդակ է երկկողմ համագործակցության խորացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված հրավերը:
Կարծիքներ