2 անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի 40-ամյա բնակչի սպանության գործով. ՔԿ
Երևանի 40-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2021թ. նոյեմբերի 1-ին Երևանի 40-ամյա բնակչի սպանության հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 2001 թ.-ին:
Հավելենք, որ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակցից զեկուցագիր է ստացվել նաև այն մասին, որ նոյեմբերի 1-ին դեպքի վայրում համապատասխան միջոցառումներ իրականացնելու ընթացքում իր կողմից օգտագործվող հեռախոսահամարի «Whatsapp» հավելվածին ժամը 03:17-ին ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի հորից ստացվել է հաղորդագրություն՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտող բովանդակությամբ:
Այդ դեպքի առթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է սպանության դեպքով հարուցված վերոնշյալ քրեական գործին:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, առգրավվել են բժշկական կենտրոնի տեսանկարահանող սարքերը, կատարվել մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է»:
Կարծիքներ