Թուլացած Ռուսաստանը կարող է մեծացնել թուրքական ախորժակը
Շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը՝ ամեն օր իր հետ բերելով նոր աշխարհաքաղաքական բարդություններ ու մարտահրավերներ, ինչից անմասն չի կարող մնալ նաև մեր երկիրը,- գրում է ArmeniaNews-ը:
Չնայած որդեգրած պասիվ-չեզոք մարտավարությանը՝ այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, և որ ՌԴ-ի և՛ հաղթանակը, և՛ պարտությունը ուղղակի ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության վրա։
Շատերին զվարճանք են պատճառում ՌԴ-ի ռազմական կորուստները և օրեցօր ավելացող արևմտյան պատժամիջոցները՝ այնինչ իրականում դա այնքան էլ ուրախացնող ու ոգևորիչ փաստ չէ։ Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ կա հարևան երկրների վրա տարածքային հավակնություն ու մեծ ախորժակ ունեցող երկիր՝ հանձին Թուրքիայի։ Վերջինս իրեն միշտ ավելի զուսպ է պահել տարածաշրջանային հարցերում՝ հաշվի առնելով հենց ռուսական դերակատարումը։
Նույն իրավիճակն էր նաև Արցախի հարցում։ Չնայած ադրբեջանական հաղթանակին՝ Թուրքիան շարունակում է իրեն դիվանագիտական տեսանկյունից բավականին զուսպ պահել Արցախի հարցում՝ հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահներ, իսկ ՌԴ-ն էլ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է։ Ակնհայտ է, որ եթե հանկարծ ՌԴ-ն պարտված դուրս այս կոնֆլիկտից, տարածաշրջանային նոր նկրտումներ է որդեգրելու թուրքական կողմը՝ փորձելով առավելագույնս օգտվել ռուսական թուլացած դիրքերից։
Հայաստանին այլ բան չի մնում անել, քան շարունակել որդեգրած ճիշտ դիվանագիտական քաղաքականությունը՝ ապավինելով այն հույսին, որ ՌԴ-ն այդ պատերազմից դուրս չի գա թուլացած քաղաքական դիրքերով, այլապես հետևանքները կարող են անորոշ լինել մեր տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի ու Արցախի համար։
Կարծիքներ