Թուրք դատախազը դիմել է դատարան՝ քրդամետ կուսակցությունը փակելու հայցով
Թուրքիայի բարձրաստիճան դատախազներից մեկը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով փակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որը խորհրդարանում մեծությամբ երրորդ կուսակցությունն է, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցը շեշտում է, որ Թուրքիան բազմիցս փակել է քաղաքական այն կուսակցությունները, որոնք դիտարկում է որպես սպառնալիք, բացի այդ, անցյալում արդեն արգելել է մի շարք քրդամետ կուսակցությունների գործունեությունը։
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» վերջերս ուժեղ ճնշումների է ենթարկվում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցները կոչ են անում արգելել այն «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) հետ ենթադրյալ կապերի պատճառով։
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» իր դեմ հարուցված գործն անվանել է հարված ժողովրդավարությանն ու օրենքին՝ նշելով, որ դատախազները կատարում են քաղաքական հրաման։
600 անդամ ունեցող խորհրդարանում 55 աթոռ ունեցող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հերքել է PKK-ի զինյալների հետ որևէ առնչությունը։
Կարծիքներ