Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ
10 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Wardrop երկխոսությունը, որն ամեն տարի թագավորությունն իրականացնում էր Վրաստանի հետ նախարարների մակարդակով։
Այս մասին հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
«Մենք հիասթափվեցինք, երբ «Վրացական երազանքի» առաջնորդները սկսեցին առաջ տանել դավադրության տեսությունները և ենթադրություններ անել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը։ Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանքը» նախընտրական պայքարի շրջանակում խոստացավ արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը»,- ասել է դեսպանը:
Բացի դրանից՝ բրիտանական կողմը չեղարկել է նաև պաշտպանական ոլորտում նախատեսվող բարձր մակարդակի բանակցությունները և կասեցրել է կիբեռանվտանգության ծրագիրը։
Միաժամանակ Գարեթ Ուորդը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանի ընտրությունից հետո երկրի կառավարությունը կվերադառնա արևմտամետ քաղաքականության, և Լոնդոնի ու Թբիլիսիի միջև վստահությունը կվերականգնվի։
«Ընտրություններից հետո, անկախ նրանից, թե ով է կառավարությունում, մենք հույս ունենք տեսնել եվրաատլանտյան ուղի վերադարձի հստակ ապացույցներ»,- հույս է հայտնել դեսպանը։
Կարծիքներ