Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան
Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին:
Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ առումով փոփոխություն կատարվել է, բայց խնդիրը չի լուծվել:
«Մեր և քաղաքացիների հիմնական խնդիրն այն է, որ երբ մեքենաները բախվում են, և բախումը ծանր չէ, այդտեղ մի ահռելի խնդիր է առաջանում․ մեքենաների շատ երկար հերթ է առաջանում, և մինչև 200-250 հազար դրամի վնասի պայմաններում միլիոնավոր դրամների բենզին է վատնվում այդ հերթի մեջ»,-ասաց Ավինյանը:
Նա ընդգծեց՝ առավելագույն ժամկետը, որի ընթացքում այդ մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից, 15 րոպեն է։
Կարծիքներ