Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի, հորքուրի աղջիկն է նշանակվել, բայց չեմ էլ ճանաչում Ջոն Կիրակոսյանի դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
Որևէ մեկը չի բացառում նման դեպք, որ դպրոցի երկար տարիների սիրված տնօրենի դուստրը, օրինակ, կարող է համապատասխանել չափորոշիչներին, անցնել հանձնաժողովով իրականացվող փուլը նախարարության հետ ու դառնալ տնօրեն:
Երևանի ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին՝ այս մասին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա անդրադարձավ այն խոսակցություններին, թե տնօրենի նոր պաշտոնակատարը ազգակցական կապեր ունի իր հետ։
«Բայց հիմա, եթե 3 անգամ մարդը հարցազրույցը չի կարողացել անցնել այդ բազմամարդ խորհրդում, կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որ չի կարող նշանակվել տնօրեն: Ես բազմաթիվ անգամներ լսել եմ, որ իմ դասարանցու կինը, իմ քենու, մորքուրի, հորեղբոր տղայի, հորքուրի աղջիկն է նշանակվել, ուզում եմ տեղյակ լինեք, որ ես այս նոր՝ ժամանակավոր պաշտոնյայի անուն-ազգանունն էլ չգիտեմ:
Այն մարդը, ով նշանակվել է, ինստիտուցիոնալ ինչ-որ ճանապարհով եկել հասել է այնտեղ: Ներսից էլ այդ խնդիրը չի լուծվել, մյուս պոտենցիալ հավակնորդը ասել է՝ ես չեմ կարող, այն մյուսն էլ 3 անգամ հարցազրույցը չի կարողացել անցնել, դե էլ ինչ ասեմ: Ես կտրականապես հերքում եմ բոլոր նմանատիպ ստերը, այդ լեգենդներն էլ ստեղծվում են անճարությունից։ Հարցազրույցը չես կարողանում անցնել, ինչ է պետք ասել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը, ինչն էլ դժգոհության առիթ է տվել:
Կարծիքներ