Վերնիսաժի մոտ հայտնի գործարարներից մեկի Range Rover-ի ուղղությամբ կրակած 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է (տեսանյութ)
Ապրիլի 27-ի լուսադեմին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Կենտրոնականի բաժնի գործընկերների հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Արդյունքում Երևանի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին և գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդու:
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի լույս 1-ի գիշերը Արամի փողոցի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի հարակից տարածքում 32-ամյա տղամարդը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենից 5 անգամ կրակել էր «Range Rover» մակնիշի մեքենայում նստած երկու քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին հասցնել չէր կարողացել, քանի որ նրանք մեքենայով դիմել էին փախուստի:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին պարկուճներ և այլն։Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: 32-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ:
Նրան հայտնաբերելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից, սպանության փորձի, ապօրինի կերպով զենք կրելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանների հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին հետախուզվողը հայտնաբերվեց: Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ